Դալտոնիզմը թերևս ամենահայտնի ակնաբուժական հիվանդություններից մեկն է. դրան նվիրված են և՛ անեկդոտներ, և՛ աֆորիզմներ: Ընդ որում դրանք շատ հաճախ չեն արտացոլում հիվանդության էությունը, այդ պատճառով մարդկանց գիտակցության մեջ այն հաճախ ասոցացվում է դրան անսովոր հատկանիշերով և առանձնահատկություններով:
Այն մասին, թե իրականում ի՞նչ է դալտոնիզմն, ինչպիսի՞ն է դրա բնույթը և մախանիզմները, ի՞նչ տեսակներ են լինում և արդյո՞ք կան այն բուժելու ուղիներ՝ մեր հոդվածում:
Դալտոնիզմ՝ ի՞նչ է դա
Դալտոնիզմը կամ գունային կուրությունը վիճակ է, երբ մասնակիորեն կամ ամբողջությամբ կորում է գույները տարբերակելու հնարավորությունը: Անոմալիայի աստիճանը տատանվում է. ոմանց համար սահմանափակումները վերաբերում են միայն մեկ գույնի, իսկ ոմանք էլ աշխարհը տեսնում են սև և սպիտակ:
Հակառակ տարածված համոզմունքի, դալտոնիկների ընկալումը չի փոխարինում մեկ գույնը մյուսին. նրանք չեն տեսնում դեղին ծաղիկներ կապույտ, իսկ կարմիր հովանոցը՝ կապույտ: Աշխարհի իրենց պատկերում որոշ գույներ կարծես միաձուլվում են, մոտենում միմյանց, իսկ մյուսները մնում են պահպանված: Իհարկե, գույնի ընկալումը կախված կլինի թերության տեսակներից, որոնք մենք կքննարկենք ստորև:
Դալտոնիզմի ֆենոմենն անվանվել է անգլիացի օդերևութաբան, քիմիկոս, ֆիզիկոս Ջոն Դալտոնի պատվին, ով ապրել է 18-րդ դարում: Միայն 26 տարեկանում գիտնականը հանկարծ հասկացել է, որ գույներն այլ կերպ է ընկալում, քան մյուսները. ընդ որում՝ այդ հայտնագործությունը նրան նվիրել է սեփական բաճկոնը։ Դալտոնը վստահ էր, որ իր կրած հանդերձանքի դետալը մոխրագույն է, իսկ իրականում հագուստը մուգ կարմիր էր։ Գիտնականը զարգացրել է թեման, և հիմք ընդունելով իր զգացողությունները, նկարագրել է, թե ինչպես նույն առանձնահատկությունից տառապողներն ընկալում են աշխարհը:
Ավելի ճիշտ է դալտոնիզմը անվանել ոչ թե հիվանդություն, այլ օրգանիզմի առանձնահատկություն կամ տեսողության թերություն. այն վտանգ չի ներկայացնում հիվանդի առողջությանը: Նրանց տարբերությունը հասարակ մարդկանցից միայն այն է, որ որոշ գույներ, և, համապատասխանաբար, շրջապատող աշխարհի ընդհանուր պատկերը նրանք տեսնում են այլ կերպ:
|
նորմալ տեսողություն |
դեյտերանոմալիա |
պրոտանոմալիա |
տրիտանոմալիա |
Անոմալիայի մեխանիզմը
Աչքի ապարատում գույների տարբերակման համար պատասխանատու են ընկալիչները՝ հատուկ նյարդային բջիջներ, որոնք գտնվում են ցանցաթաղանթի կենտրոնում: Առողջ մարդկանց մոտ ընկալիչները պարունակում են երեք գունանյութեր, որոնք «պատասխանատու են» կարմիր, կանաչ և կապույտ գույները ճանաչելու համար: Այս հիմնական գույների համադրությունը գլխուղեղի կեղևում մեզ տալիս է երանգների այն լայն պալիտրան, որը մենք ամեն օր վայելում ենք: Որոշ դեպքերում գունանյութը կարող է կամ ընդհանրապես բացակայել, կամ սխալ աշխատել: Հենց այդ ժամանակ են առաջանում գույնի ընկալման առանձնահատկությունները: Ո՞ր ֆոտոընկալիչների խանգարումն է հանգեցրել դալտոնիզմի զարգացմանը, կարող է որոշել բժիշկը:
Դալտոնիզմի ձևերը և տեսակները
Որոշ դեպքերում, բոլոր երեք գունանյութերը կարող են պարունակվել ընկալիչների մեջ, բայց դրանցից մեկի ակտիվությունը նվազում է: Այս դեպքում մենք խոսում ենք աննորմալ տրիխրոմազիայի մասին:
Աննորմալ տրիխրոմազիան լինում է երեք տեսակի.
- պրոտանոմալիա («կարմիր» ընկալիչի սխալ զարգացումով),
- դեյտերանոմալիա («կանաչ» ընկալիչի հետ կապված խնդիրների դեպքում).
- տրիտանոմալիա («կապույտ» ընկալիչի հետ կապված անոմալիա):
Մեկ այլ տարբերակ է երեք գունանյութերից մեկի բացակայությունը (ավելի հաճախ`կարմիրի, սվելի հսղվսդեպ` կապույտի): Այս վիճակը կոչվում է դիխրոմազիա:
Կախված նրանից, թե գունանյութերից որն է բացակայում, տարբերում են՝
- պրոտանոպիա (երբ բացակայում է կարմիր գունանյութը),
- դեյտերանոպիա (բացակայում է կանաչ գունանյութը),
- տրիտանոպիա (կապույտ գունանյութի պակաս):
|
նորմալ տեսողություն |
պրոտանոպիա |
դեյտերանոպիա |
տրիտանոպիա |
Հիվանդության ամենահազվագյուտ դրսևորումը ընկալիչներում բոլոր երեք գունանյութերի լիակատար բացակայությունն է՝ մոնոխրոմազիա կամ ախրոմազիա:
Դալտոնիզմի պատճառները
Դալտոնիզմը բավականին տարածված վիճակ է. վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր ութերորդ տղամարդը բախվում է գույնի ընկալման խախտման հետ: Կանանց մոտ դալտոնիզմի հավանականությունը շատ ավելի փոքր է. դա կատարվում է 100-ից 0,4 դեպքերում:
Դալտոնիզմի պատճառները կարող են լինել գենետիկ կամ ձեռքբերովի:
Դալտոնիզմի գենը կապակցված է X-քրոմոսոմիհետ. անոմալիան փոխանցվում է իգական գծով: Եթե երեխայի մայրը դալտոնիկ է, նրա որդին կժառանգի նույն հատկությունը, իսկ դուստրը կդառնա կրող և կփոխանցվի իր երեխաներին: Այն հազվագյուտ դեպքերում, երբ երկու ծնողներն էլ դալտոնիկ են, երեխան կտառապի գունաընկալման արատներից: Ֆենոմենը, որը բացատրում է, թե ինչպես է ժառանգվում դալտոնիզմի հատկանիշը, կոչվում է կապակցված ժառանգում:
Լրիվ գունային կուրությունը կարող է լինել միայն ժառանգական: Դրա առաջացման հաճախականությունը միլիոնից 1 դեպք է:
Բացի այդ, գենետիկ դալտոնիզմը կարող է կապված լինել այնպիսի պաթոլոգիաների հետ, ինչպիսիք են ընկալիչների դիստրոֆիան և Լեբերի ամավրոզը:
Դալտոնիզմի ձեռք բերված ձևը կապված է վնասվածքների, ծերացման, տեսողական նյարդի հիվանդությունների , շաքարախտի հետ: Այս դեպքում անոմալիան կազդի միայն վնասված աչքի վրա և հակված է վատթարանալու:
Դալտոնիզմի ախտորոշումը
Գունաընկալման խախտման կասկածանքի դեպքում ակնաբույժներն օգտվում են հատուկ աղյուսակներից, Նագելի և Ռաբկինի անոմալոսկոպներից, շողացող լապտերներից և այլ մեթոդներից:
Պոլիքրոմատիկ աղյուսակները (Իշիխարի, Յուստովայի, Ռաբկինի) նման են նույն պայծառության առաջնային և երկրորդական գույների տարբեր չափերի շրջանակների կազմակերպված փնջին: Շրջանակների մի մասը մնացածի ֆոնի վրա կազմում են ճկվող գիծ,պատկեր կամ թիվ: Որոշ աղյուսակներ թույլ են տալիս ոչ միայն առանձնացնել թերությունը, այլ նաև որոշել դալտոնիզմի տեսակը և դրա աստիճանը:
Հոլմգրենի մեթոդը: Հիվանդին խնդրում են ընտրել 133 գունավոր բրդի կծիկներից, որոնք պատկանում են նույն գույնին, բայց տարբեր երանգներով:
Դալտոնիզմի շտկում
Ցավոք, դեռ չի հայտնաբերվել որևէ մեթոդ, որը կարող է ընդմիշտ շտկել անոմալիան: Դալտոնիզմի բուժման էֆեկտիվ ձև, ինչպես նաև կանխարգելման մեթոդներ չկան: Կատարակտով և շաքարախտով հիվանդներին՝ հիվանդություններով,որոնց ֆոնի վրա կարող է զարգանալ դալտոնիզմը, կարելի է խորհուրդ տալ յուրաքանչյուր կես տարին մեկ ստուգվել ակնաբույժի մոտ: Իսկ եթեպաթոլոգիան ուղեղի վնասման արդյունք է, ապա բուժման համար կարող է նշանակվել վիրաբուժական միջամտություն:
Ուղղման համար կարելի է օգտագործել հատուկ օպտիկա`ակնոցներ կամ ոսպնյակներ, որոնք ուժեղացնում են հիմնական գույների ընկալումը` դալտոնիկի տեսողությունը մոտեցնելով նորմալին: Կան նաև հատուկ բարձր տեխնոլոգիական կիբեռնետիկ սարքեր և ծրագրային ապահովում, որն օգնում է դալտոնիկներին աշխատանքի ժամանակ: Սակայն ամբողջությամբ դարձնել դալտոնիզմը նորմալ տեսողության չի ստացվի:



